ԽՍՀՄ ներխուժած գերմանական հետևակային դիվիզիաների հիմնական փոխադրամիջոցը փչովի անվադողերով, զսպակավոր, կենդանաքարշ սայլերն էին։ Լծված էին դրանց եվրոպական ցեղատեսակների ծանրաքարշ ձիեր` բիտյուգներ և պերշերոններ։ Սակայն եկավ աշունը, անձրևներ սկսվեցին, և գերմանացիներն ուղղակի դեսուդեն ընկան փոքրիկ ու նեղ անիվներով ռուսական խղճուկ տեսքով սայլեր ձեռք գցելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև փչովի լայն անվադողերը ցեխն ուղղակի տրորում էին, և ձիերի ողջ ուժը ծախսվում էր ոչ թե բեռների տեղափոխման, այլ ճանապարհների ցեխը տրորելու վրա։ Իսկ ռուսական սայլի նեղ անիվը ցեխը ճեղքում էր և ձիերը հեշտությամբ քարշ էին տալիս սայլը։ Երբ վրա հասավ ձմեռը` գերմանացիներն սկսեցին ընկնել նաև ռուսական ցածրահասակ, ցմփոր ու անբարետես ձիուկների հետևից։ Ինչո՞ւ։ Պերշերոնները, իրոք, հոյակապ տեսք ունեին, բայց կար մի «մանրուք»` 15 աստիճանից ցածր սառնամանիքներին նրանք չէին դիմանում և առանց տաք ախոռների սատկում էին։ Այդ իսկ պատճառով խորհրդային հրամանատարությունը հրաման էր արձակել հրկիզել դեպի Մոսկվա տանող ճանապարհներին առկա նման շինությունները։ Ինչով էլ զբաղվում էին Զոյա Կոսմոդեմյանսկայայի ջոկատի անդամները, որոնց գերմանացիները բռնեցին հենց նման մի ախոռ հրկիզելու փորձ անելու ժամանակ։
Թեև ինչպես ռուսական պատմության բոլոր հիմնական, այնպես էլ խորհրդային խորհրդանիշների կործանման գործընթացը սկսվել էր Գորբաչովի իշխանության գալուց շատ ավելի վաղ, բայց դրանց դեմ տարվող բացահայտ և համապարփակ գրոհը ծայր առավ հենց այդ ժամանակներում։ Իսկ մինչ այդ, այսպես կոչված, «վաթսունականների» համարձակությունը հերիքել էր միայն դրանց առանձին հատվածները կրծոտելուն։ Խորհրդանիշների դեմ գրոհ սանձազերծելու գործողությունների ամբողջության մեջ առանձնահատուկ տեղ էին գրավում հենց նահատակների կերպարների զրպարտումն ու ծաղրումը։ Լայնածավալ ու նպատակասլաց ծրագիր էր իրականացվում նաև Հայրենական պատերազմի հետ կապված խորհրդանիշների վարկաբեկման մասով։ Չէին խորշում անգամ համակրանքի ու հարգանքի տարրեր սերմանելուց այն անձանց նկատմամբ, ովքեր պատերազմի տարիներին սատարել էին գերմանական զավթիչներին։
Ինչ վերաբերում է նահատակված պարտիզանուհու հիշատակն արատավորելու փորձերին, ապա այստեղ հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, թե իբր այրելով խոտի դեզերը, նա դրանով իսկ զրկում էր տեղի գյուղացիների անասուններին կերից, ինչի հետևանքով երեխաները զրկվում էին կաթ խմելու հնարավորություններից։ Առանձնապես շատ էին սիրում ծավալվել Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպում առկա «մանկան արտասուքը» դրվագի շուրջն առ այն, թե աշխարհում ոչ մի բան չունի այնպիսի արժեք, որ դրա համար վճարվի թեկուզ և մեկ կաթիլ մանկան արցունք։ Այն, որ նման գործողություններ իրականացվում էին դեպի Մոսկվա տանող 2-3 գլխավոր ճանապարհների երկայնքով միայն, այն, որ դրանով իսկ դեպի պետության մայրաքաղաք նետվող թշնամին զրկվում էր բազմաթիվ ծանր հրանոթներից խորհրդային զորքերի դիրքերը հրետակոծության ենթարկելու հնարավորությունից կամ զգում էր ռազմամթերքի սուր պակաս, ինչի արդյունքում փրկվում էին հայրենիքի հազարավոր պաշտպանների կյանքեր, մի տեսակ աննկատ մոռացության էր մատնվում։ Իսկ նրանք, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում գոնե մեկ անգամ եղել են Մոսկվայում կամ, առավել ևս, որոշ ժամանակ ապրել են այնտեղ, կարծում եմ` երբեք չեն մոռանա երկաթուղային կայարաններում, գետնանցումներում և նմանատիպ այլ վայրերում, բառիս բուն իմաստով, սովահար գոյություն քարշ տվող, տասնյակ հազարավոր անապաստան երեխաներին (իսկ ողջ Ռուսաստանում նրանց թիվը մի քանի տարի առաջ շուրջ երկու միլիոն էր), ովքեր, պատկերավոր ասած, ոչ թե կաթիլ, այլ արցունքի ծովեր են հեղում։ Սակայն դա այդ պարոնների համար այլևս ոչ մի արժեք չունի։
Խորհրդանիշների դեմ իրականացվող գրոհը տարվում էր երկու ուղղությամբ։ Մեկով սևացնում, վարկաբեկում, ծաղր ու ծանակի էին ենթարկում ժողովրդական հիշողության պանթեոն մտած հերոսներին, մյուսով, ստի ու կեղծիքի օգնությամբ, ծեփում արհեստական հակահերոսներ։ Որպես երկրորդ ուղղության ամենաբնորոշ օրինակ կարող է ծառայել Պավլիկ Մորոզովի «երկրորդ սպանությունը»։ Թե որքան էր կարևորվում այդ նահատակված պատանուց խորհրդանիշ ծեփելը, կարող եք դատել նրան սևացնելուն ուղղված, բառիս բուն իմաստով, արշավանքի աննախադեպ լայն ընդգրկումից։ Արվեց հնարավոր ամեն ինչ` մարդկանց գիտակցության մեջ ամրագրելու այն սուտ պատկերը, իբր նա մարմնավորում էր տոտալիտար գաղափարին և իշխանություններին նվիրվածության մոլեռանդությունը, հանուն ինչի էլ դավաճանեց հարազատ հորը։ Գործի բուն էության մասին գրեթե ոչ ոք ոչինչ չգիտեր և այժմ էլ չգիտի։ Սկսենք նրանից, որ չգիտեն անգամ այն, որ հենց Պավլիկի հայրն էլ իշխանություն էր` գյուղխորհրդի նախագահ։ Սակայն հետագա շարադրանքն ուզում եմ կառուցել պաշտոնական արձանագրությունների, մասնակիցների հիշողությունների և մեկնաբանությունների, ինչպես նաև արդեն իսկ տրված գնահատականների ներկայացմամբ։
1932-ի սեպտեմբերի 3-ի խաղաղ մի առավոտ ուրալյան Գերասիմովկա խուլ մի գյուղում 12-ամյա Պավել և 5-ամյա Ֆյոդոր եղբայրները գնացին տայգա լոռամրգի հավաքելու։ Դա նրանց սեփական ցանկությունը չէր, նրանց համառորեն համոզում էր անտառ գնալ հարազատ Աքսինյա տատը։ Երեք օր անց եղբայրներին գտան թավուտում, սպանված...
Միլիցիայի տեղամասային տեսուչ Յակով Տիտովը դիազննման արձանագրություն կազմեց` «Մորոզով Պավելը պառկած էր ճանապարհից 10 մետր հեռավորության վրա։ Նրա գլխին հագցրած էր կարմիր մի պարկ։ Պավելը մահացու հարված էր ստացել որովայնի շրջանում։ Երկրորդ հարվածը հասցված էր կրծքին` սրտի մոտ։ Նրա վերնաշապիկը երկու տեղից պատռված էր, մեջքի մասում առկա էր արյան բոսորագույն բիծ։ Մազերի գույնը` շեկ, դեմքը` սպիտակ, աչքերը` երկնագույն, բաց...
Ֆյոդոր Մորոզովի դիակը գտնվում էր Պավելից 15 մետր հեռավորության վրա` ճահճուտի և կաղամախու մատղաշ անտառի արանքում։ Ֆյոդորի ձախ քունքին փայտով հարվածի հետք կար, աջ այտն ամբողջովին արնակալած էր։ Դանակով մահացու հարված էր հասցվել որովայնի շրջանում, աղիները դուրս էին թափված, ինչպես նաև ձեռքը կտրված էր մինչև ոսկորը»։
Կասկածանքով ձերբակալված երիտասարդ գյուղացի Դանիլան առաջին իսկ հարցաքննության ժամանակ հետևյալ ցուցմունքները տվեց` «Կուլուկանովը մի քանի անգամ համոզում էր ինձ սպանել Պավելին, բայց հարմար պահ չէր լինում։ Կուլուկանովն ասաց` «Ես վաղուց ամեն ինչի մասին պայմանավորվել եմ Սերգեյի հետ, բայց նա միայնակ չի կարող դա անել։ Ահա քեզ փող, իսկ երբ սպանես Պավելին, ես քեզ երկու բուռ ոսկի կտամ»։ Դրանից հետո մենք Սերգեյ պապի հետ որոշեցինք անտառ գնալ։ Մենք գիտեինք, թե ինչ ճանապարհով է Պավելը ճահճուտից տուն գալիս, ու գնացինք նրան ընդառաջ։ Տղաները ոչինչ չէին կասկածում, մենք մոտեցանք, և այդ պահին պապը հանկարծակի հարվածեց Պավելին դանակով։ Պավելը ճչաց` «Փախի՛ր, Ֆյոդոր...»։ Ես նետվեցի Ֆյոդորի հետևից, բռնեցի նրան, Սերգեյ պապը մոտ վազեց ու մի քանի հարված հասցրեց նրան։ Նրանց երկուսին էլ նա է սպանել` իմ օգնությամբ»։
Սերգեյ պապը կարևոր ուղղումներ մտցրեց Դանիլայի տված ցուցմունքների մեջ։ Խոստովանեց, որ սպանության միտքը իրենն է, քանի որ` «Պավելն ինձ համբերությունից հանել էր, հանգիստ չէր տալիս, անընդհատ նախատում էր նրա համար, որ ես ինձ մոտ էի պահում կուլակներից բռնագրավված իրերը»։ Բայց նա հայտարարեց, որ` «ես ինքս եղբայրներին չեմ սպանել։ Միայն բռնել էի Ֆյոդորին։ Իսկ տղաներին սպանել է Դանիլա թոռս»։ Վերջինս ստիպված էր հաստատել այդ խոսքերը և մի քանի մանրամասներ ավելացնել. «Պավելը չէր շարժվում, բայց պապը դուրս թափեց հատապտուղները պարկից ու ասաց` «Հագցրու նրա գլխին, մեկ էլ տեսար ուշքի եկավ ու տուն սողաց»։ Հետո ես քարշ տվեցի Պավելին արահետի աջ կողմը, իսկ պապը Ֆյոդորին` ձախ։ Ֆյոդորին մենք սպանեցինք միայն նրա համար, որ նա մեզ չմատնի։ Նա լաց էր լինում, խնդրում էր չսպանել իրեն, բայց մենք նրան չխղճացինք...»։
Իսկ ովքե՞ր էին նրանք, այդ երկու անձինք, ահել ու ջահել, որ նման անողոք դաժանությամբ սպանել էին երկու փոքրիկ տղաների։ Դրանք փախստական մարդասպաններ չէին և ոչ էլ թափառաշրջիկ չարագործներ, այլ սպանվածների համագյուղացիներն էին։ Դեռ ավելին, նրանցից տարիքովը ոչ միայն սպանության իր մեղսակցի, այլև զույգ զոհերի հարազատ պապն էր, իսկ Դանիլան` նրանց հորեղբոր տղան։ Սրան պետք է ավելացնել նաև այն, որ Սերգեյ պապի կինը` Աքսինյա տատը, տեղյակ էր այդ ամենին, ամբողջությամբ հավանություն էր տվել դրան ու դեռ ինքն էլ մեկ անգամ չէ, որ Դանիլա թոռանն ասել էր` «Դե, սպանիր պրծիր դու այդ փսլնքոտ կոմունիստին»։ Հենց այդ պատճառով էլ այդ չարաբաստիկ օրը նա նման համառությամբ համոզել էր թոռներին գնալ անտառ` հատապտուղ հավաքելու։
Իսկ Պավելի հորն ամենևին էլ մահվան չեն դատապարտել, նա ընդամենը մի քանի տարով հայտնվեց բանտում, և դա բնավ էլ նրա որդու անձնական ջանքերի արդյունքը չէր` դատարանում մեղադրյալի դեմ բազմաթիվ վկաներ էին ցուցմունքներ տվել։ Սակայն, որպեսզի ոչ մեկի մեջ կասկած անգամ չառաջանա, թե հնարավոր է, որ նրան անարդարացիորեն են պատժել, մեջբերեմ նրա մյուս` Ալեքսեյ որդու խոսքերը, որոնք նա ասել է այդ ամենից գրեթե 60 տարի անց. «Ես միշտ ձգտել եմ հորս մասին ոչ մի վատ բան չասել։ Սակայն հիմա ուղղակի ստիպված եմ դա անել` եղբորս անարգանքից ազատելու համար։ 1930 թվականի աշնանը մեր գյուղ բերեցին աքսորված նորաբնակների։ Դուք կարծո՞ւմ եք` հայրս խղճո՞ւմ էր նրանց։ Ամենևին։ Նա մեր մորը, իր որդիներին անգամ չէր խղճում (այդ պահին արդեն բավական ժամանակ էր, ինչ նա լքել էր կնոջն ու երեխաներին, թողել նրանց առանց ապրուստի միջոցի և ողջ գյուղի աչքի առջև ապրում էր մի այլ կնոջ հետ- Ռ. Ա.), ուր մնաց, թե ուրիշներին։ Նա սիրում էր միայն իրեն ու օղի։ Իսկ նորաբնակներին կնիքով տեղեկանքներ տալու համար նրանցից երեք կաշի էր քերթում։ Սրանք հորս էին տալիս իրենց վերջին ունեցվածքը` փող, ճարպ, միս...»։ Ահա հենց այդ տեղեկանքների առևտրի համար էլ նստեցրին Տրոֆիմին` մարզի ևս հինգ այլ գյուղխորհրդի նախագահների հետ, որոնք նույն բանն էին անում։
Այն առանցքային հարցին, թե, վերջապես, ո՞րն էր Պավլիկ Մորոզովի կոնկրետ մեղքը, ապա ծեփագործ գործիչներից և ոչ մեկն իր ելույթներում կամ հրատարակած հոդվածներում հստակ ու ամբողջական տեսքով նման մեղադրանք նրա դեմ չի ձևակերպել։ Ամեն ինչ ասվում է ակնարկներով, մի տեսակ մշուշապատ ու երկդիմի։ Չի բերվում և ոչ մի փաստ, միայն «կարծիքներ» կամ հղումներ «հանրահայտ բաներին»։ Դժվար է բռնել նրանց օձիքներից ու քարշ տալ դատարան` մարդուն զրպարտելու մեղադրանքով։
Իսկ «մեղավոր էր» այդ 12-ամյա տղան ահա թե ինչու. դատարանում նա իսկապես ցուցմունքներ է տվել հոր դեմ, կամ, ավելի ճիշտ, համաձայն օրենքի` իր մանուկ հասակի պատճառով հարցաքննության ենթարկվելով մոր և ուսուցչուհու ներկայությամբ, ընդամենը հաստատել էր այն, ինչը որպես վկա ասել էր մայրը։ Ընդամենը։
Շատ, անչափ շատ բան են գրել ու ասել նրան ատողները և բոլորը` սուտ։ Ինչպես ասում են, նրանց անունն է լեգեոն։ Եվ ինչն է խորհելու առիթ տալիս. նրանց շարքերում ազգությամբ ռուս մարդիկ գործնականում չկան։ Շարունակ ինչ-որ կորոտիչներ, վոյնովիչներ, շենդերովիչներ ու էլի տարբեր սվանիձեներ։ Իսկ թե ինչպիսին է նրանց գործելակերպը, դատեցեք ինքներդ բերվող մեջբերումից։ Տողերի հեղինակը, իմ կարծիքով, որոշակի թեմաներում այսօր ՌԴ լավագույն հրապարակախոս Վլ. Բուշինն է, տողերի «հերոսը»` լրագրող Ալպերովիչը. «Մոտավորապես այդ ժամանակ էլ (1981 թ.- Ռ. Ա.) Ալպերովիչը չալարեց մեկնել նաև Ալուպկա, Պավելի մոր` Տատյանա Սեմյոնովնայի մոտ» (նա մահացավ 1983 թ.)։ Մի պահ պատկերացրեք այդ տեսարանը և այդ մարդուն. 80-ամյա այդ կնոջ մոտ փոքրիկ մի քաղաքում հայտնվում է մայրաքաղաքային լրագրողն իր ձայնագրիչ սարքով ու քաղցր ձայնով տալիս բազմաթիվ ճարպկորեն ձևակերպված հարցեր, և ում հայտնվելը մեկ նպատակ ուներ միայն. ևս մեկ անգամ սպանել նրա վաղուց սպանված որդուն։ Իսկ այդ պարզասիրտ ռուս կնոջ մտքովն անգամ նման բան չէր անցնում։ Նա, ուրախ իրեն այցի եկած հյուրի ներկայությունից, պատմում էր` ամենևին էլ հոգ չտանելով ձևակերպումների մասին և պատկերացնել անգամ չէր կարող, որ իր խոսքերը կարող են բոլորովին հակառակ իմաստով մեջբերվել։ Իսկ «Պավել Մորոզովի համբառնումը» վերնագիրը կրող զրպարտչագրում դրա հեղինակն արժանահավատության համար հատուկ կնշի` «Ես հանդիպել եմ իմ հերոսի մոր հետ»։ Հեռանալիս նա համբուրում է ծեր կնոջ չորացած, անուժ ձեռքերը, որոնք հինգ երեխա են խնամել, որոնցից չորսին նա այդ ժամանակ արդեն հողին էր հանձնել, ձեռքեր, որոնք իրենց ողջ կյանքում ոչ մի օր հանգիստ չեն ունեցել։ «Աստված պահպանի ձեզ ճանապարհին»,- օրհնում է կինը հրաժեշտի պահին։ Իսկ հյուրը, խոր գլուխ տալով, անհետանում է։ Շտապում է Մոսկվա, գերեզմանափորի իր խրախճանքը րոպե առաջ սկսելու համար...»։
Միայն մեկ անգամ նրանից մեկը` Վլ. Ամլինսկին, «Լիտերատուրնայա գազետա»-ում հրապարակած իր հոդվածում բերանից թռցրեց հալածանքների իրական պատճառը. «Նա խորապես վտանգավոր է»։ Թե ում համար և ինչու կարող էր վտանգավոր լինել այդ երեխան, փակագծերը բացելու այլևս տեղ չմնաց։ Ասենք, դա առանձնապես դժվար մի հանելուկ էլ չէ, պարզապես մի փոքր ավելի ուշադիր նայեք այսօրվա կյանքին։ Իսկ ես միայն կներկայացնեմ Պավելի ուսուցչուհու կարծիքն իր սանի մասին, ասված բազում տասնամյակներ անց. «Լուսավոր անձնավորություն էր նա։ ՈՒզում էր, որ ոչ ոք ուրիշի ճակատագիրը չկործանի, ուրիշի հաշվին չհարստանա։ Դրա համար էլ նրան սպանեցին»։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ